Իմիջային խորհուրդներ տղամարդկանց

Ավելացված է Մեկնաբանել

Իմիջն այն կերպարն է, որով Դուք ներկայանում եք մարդկանց: Իմիջը միայն արտաքին տեսքը չէ: Դա Ձեր կեցվածքն է, քայլվածքը, ժեստերը, խոսելու ոճը: Նոր մարդու հետ ծանոթանալիս կամ գործնական հանդիպման մեկնելիս, երբ մարդիկ դեռ տեղյակ չեն Ձեր ինտելեկտուալ հնարավորություններից, չգիտեն Ձեր բնավորությունը և դեռ չեն պատկերացնում, թե ով եք Դուք, առաջին բանը, ինչին նրանք ուշադրություն են դարձնում, Ձեր իմիջն է: Այսինքն՝ ինչպես եք դուք հագնված, ինչպես եք շարժվում, փայլում են Ձեր կոշիկները թե ոչ, ուրախ եք թե խոժոռ, խոսում եք գոռալով թե հանգիստ, և այլն, և այլն: Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդներ գործարար տղամարդու ճիշտ կերպարը կառուցելու համար:

Կոշիկներ

Ձեր կոշիկները պետք է միշտ փայլեն: Հավատացեք՝ դա շատ կարևոր է: Կեղտոտ կոշիկները միանգամից աչքի են ընկնում: Դրանք անվստահություն ու անբարյացակամ վերաբերմունք են առաջացնում դիմացինի ենթագիտակցությունում: Իսկ փայլող կոշիկների դեպքում` Դուք ավելի լուրջ և պատասխանատու մարդու տպավորություն եք թողնում:

Կոստյում

Ընտրեք Ձեր կոստյումն ըստ միջոցառման, որին պետք է մասնակցեք: Օրինակ, եթե ինչ-որ լուրջ միջոցառման եք մասնակցելու կամ գործնական հանդիպում ունեք, ապա խորհուրդ կտանք ընտրել սև, բաց գորշավուն կամ մուգ կապույտ գույնի կոստյում: Թող կոստյումը լինի միագույն` առանց ավելորդ նախշերի, գծերի կամ քառակուսիների:

Գուլպաներ

Գուլպաները Ձեր կերպարի անբաժանելի մասն են, որոնք միշտ աչքի են ընկնում ինչ-որ պահի: Մուգ հագուստի հետ ընտրեք միագույն սև գուլպաներ՝ առանց ավելորդ նախշերի կամ նշանների: Դրանք պետք է լինեն այնպիսի երկարության, որ նստելիս կամ ոտքը ոտքի գցելիս` Ձեր ոտքը չբացվի:

Կեցվածք

Միշտ ուշադրություն դարձրեք Ձեր կեցվածքին: Մենք հաճախ մոռանում ենք մեջքն ուղիղ պահել, սակայն դա շատ կարևոր է, քանի որ Ձեզ ավելի վստահ տեսք է տալիս:

Ժպիտ

Շա՛տ ժպտացեք: Հասկանում ենք, որ տղամարդը երբեմն պետք է լինի լուրջ: Բայց դա չի նշանակում, որ Ձեր դեմքը պետք է լինի «սառը», «ոչինչ չասող»: Ժպիտն իր մեջ թաքնված այնպիսի ուժ ունի, որ միայն դրանով Դուք կարող եք շատ արդյունքների հասնել: Ժպիտը տղամարդուն չի թուլացնում, ընդհակառակը՝ ավելի համակրելի է դարձնում:

Զգացմունքներ

Խոսելու ընթացքում մի ոգևորվեք չափից շատ, մի ծիծաղեք այնքան ուժեղ, որ աչքերից արցունքներ թափվեն, մի գոռացեք: Փորձեք միշտ պահել հանգիստ տոնը:

Եվ վերջում, հիշեք՝ յուրահատուկ, տարբերվող ոճը ձևավորվում է հագուստով, սակայն ամրապնդվում է Ձեր բնավորությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։